Հայոց ցեղասպանության ժխտումը տարբեր է Հոլոքոստի ժխտումից: Այդ մասին Ստրասբուրգում կայացած «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի նիստին հայտարարել է Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի փաստաբան Սթեֆան Թելմոնը:
Նրա խոսքով՝ Փերինեքը չի ժխտել հայերի սպանդը, այլ միայն կասկածի տակ է դրել Շվեյցարիայի «անհաջող» օրենքը: Ինչպես պնդում է փաստաբանը, Փերինչեքը չի զբաղվել հայերի խտրականությամբ, նա «սիրում եւ ճանաչում է հայերին»:
Ստրասբուրգում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր՝ հունվարի 28-ին, տեղական ժամանակով 09:15-ին (Երեւանի ժամանակով 12:15-ին) սկսվել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով նիստը: «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland, App. no. 27510/08) գործում Հայաստանը ներգրավված է՝ որպես երրորդ կողմ: Գործում որպես երրորդ կոմղ ներգրավված է նաեւ Թուրքիան:



























