Ստրասբուրգի Մարդու իրավունքների  եվրոպական դատարանում  «Դողու Փերինչեքն՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործով  լսումներն ավարտվել են: Այս մասին հայտնում է Արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան: (ֆոտոռեպորտաժ)

Լսումների ավարտից առաջ Դողու Փերինչեքը կրկին հայտարարել է, որ ինքը չի հերքում հայերի սպանությունները: Իր ճառի ավարտին Փերինչեքը կրկին պաշտպանել է Թալեաթ փաշային:

Իր հերթին նրա փաստաբանը ընդգծել է, որ ինքը «չի հերքում սպանությունները, բայց՝ ոչ ցեղասպանությունը»՝ Փերինչեքին կոչելով ինտերնացիոնալիստ:

Այնուհետեւ ելույթ են ունեցել Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչներ՝ պատմելով օրենքի եւ «ցեղասպանություն» հասկացության էության մասին:

Արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան հայտնում է, որ վճիռը կհրապարակվի ավելի ուշ՝ 6-8 ամսից:

Հիշեցնենք, Ստրասբուրգի Մարդու իրավունքների  եվրոպական դատարանում այսօր սկսվել էր «Դողու Փերինչեքն՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործով նիստը (Perincek v. Switzerland, App. no. 27510/08), որտեղ Հայաստանը եւս ներգրավված է  որպես երրորդ կողմ:

Հայկական պատվիրակության կազմում են  ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, նրա տեղակալ Էմիլ Բաբայանը, արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Բացի դրանից,  ՄԻԵԴ-ում մեր երկրի շահերը պաշտպանել են միջազգային հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնը, Ամալ Ռամզի Քլունին, Թոբի Քոլիսը:

2008 թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ անցյալ տարվա դեկտեմբերին եվրոպական դատարանը բավարարել էր Շվեյցարիայի դեմ նրա հայցը: Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի  վճիռը:

2014 թ. մարտին Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել  «Էրգենեկոնի» աղմկահարույց գործի կապակցությամբ, դատարանի վճռով ազատ էր արձակվել:  Բացի դրանից, Թուրքիայի դատարանը  Փերինչեքի վրայից հանել էր երկրից դուրս գալու արգելքը՝ «1915 թ. Իրադարձությունների վերաբերյալ թուրքական տեսակետները ներկայացնելու համար»:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հակազդելու նպատակով, Փերինչեքի գլխավորած  բանվորական կուսակցությունը հիմնել է «Թալեաթ փաշայի կոմիտե», որը ԵԽ-ն ճանաչել է որպես «այլատյացություն եւ ռասիզմ» սերմանող կազմակերպություն, եւ 2006 թ. Թուրքիայի կառավարությունից պահանջել կասեցնել դրա գործունեությունը, որը  «կոպտորեն շ խախտում է եվրոպական արժեքները»: