Ճապոնական, թայվանական եւ ավստրալական մի քանի համալսարանների հետազոտողների խումբը հայտարարել է նախամարդու նոր տեսակի հայտնաբերման մասին, որը բնակվել է Արեւելյան Ասիայի տարածքում, 490 հազարից մինչեւ 10 հազար տարի առաջ:
Մասնագետները նման եզրահանգման են եկել հնագույն մարդու ծնոտի հատվածի անալիզից հետո, որը հայտնաբերել են Թայվանի արեւմտյան ափերին գտնվող Փենհու կղզիների շրջանում, ձկնորսական ցանցում: Ըստ ՏԱՍՍ գործակալության, նախամարդու նոր տեսակը «Փենհու մարդ» են կոչել:
«Փենհու մարդու» առանձնահատկությունը ծնոտի բավական մեծ չափերն են, որոնք հատուկ են մարդկային ցեղի ավելի վաղ ներկայացուցիչներին: «Մենք ենթադրում ենք, որ նրանց անմիջական նախահայրերն Ասիայի հնագույն մարդիկ են կամ ժամանել են Աֆրիկայից, ավելի ուշ ժամանակաշրջանում»,- նշել է հետազոտության մասնակիցներից մեկը՝ Տոկիոյի համալսարանի գիտնական Յոսուկե Կայֆուն:
Ինչպես նախամարդու պեկինյան եւ ճավայական տարատեսակները, «Փենհու մարդը» նույնպես ժամանակակից մարդկանց ուղղակի նախահայրը չէ:




























