Նիցցայում ութամյա տղա է հարցաքննվել, որը մեղադրվում է իսլամական ահաբեկչությանն աջակցելու մեջ: Տղան դպրոցում հայտարարել էր, որ զորակցում է հունվարի 7-ին Փարիզի  Charlie Hebdo ամսագրի վրա հարձակված ահաբեկիչներին:

Աշակերտը հրաժարվել էր  մեկ րոպե լռությամբ զոհերի հիշատակը հարգելուց։ Նա խոստովանել է, որ համակրում է ահաբեկիչներին: Դպրոցի տնօրինությունը այդ  մասին հայտնել է ոստիկանություն: Երեխային եւ նրա հորը հարցաքննել են՝ տղայի ծայրահեղական ահայացքների սկզբնաղբյուրը պարզելու համար:

Ըստ ոստիկանի՝ դպրոցականը պատասխանել է, որ չգիտի՝ ինչ է ահաբեկչությունը:

«Հասարակությունն՝ ընդդեմ իսլամաֆոբիայի» Ֆրանսիական շարժումը հայտարարություն է տարածել այն մասին, որ  անչափահաս երեխայի հարցաքննությունը «հունվարի սկզբից Ֆրանսիան համակած հավաքական հիստերիայի դրսեւորումն է», հայտնում է «Ինտերֆաքսը»:

Փարիզում հունվարի 7-ին զինված հարձակում էր տեղի ունեցել Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա:  Պատճառը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներն  էին: Ահաբեկչության հետեւանքով զոհվել է 12 մարդ՝ թերթի 10 աշխատակից, 2 ոստիկան, եւս 11 մարդ էլ վիրավորվել է: