Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 14-ին ընդունել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի ամերիկյան կողմի համանախագահ, Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին տրամադրվող ամերիկյան օժանդակության համակարգող Դենիել Ռոզեմբլյումին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան տնտեսական հանձնաժողովի աշխատանքները` ընդգծելով, որ այդ ձեւաչափով բազմաթիվ ծրագրեր են մշակվել եւ կյանքի կոչվել:
Դենիել Ռոզեմբլյումը շնորհակալություն է հայտնել Էդվարդ Նալբանդյանին ընդունելության համար եւ վստահեցրեց, որ հանձնաժողովը կշարունակի տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը:
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության եւ Հայաստանի ու Արցախին ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել փոխգործակցությունը նոր ոլորտներով ընդլայնելու հնարավորությունների շուրջ:




























