«Ցավալի է, որ մեզանում չեն տարբերում պոռնոգրաֆիան այն ամենից, ինչ ես եմ անում, իսկ իրական պոռնոգրաֆիան այն է, ինչ այսօր կատարվում է մեր հեռուստատեսությունում եւ մշակույթում»։ Հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կինոռեժիսոր, «Ոսկե ծիրանի» մասնակից Վիգեն Չալդրանյանը։ Հեռուստատեսությունում եւ մշակույթում տիրող իրավիճակը բնութագրելու համար նա օգտագործեց չեխովյան մի գրառում.
«Սարսափելին այն չէ, որ կմախքները շրջապատում են մեզ, սարսափելին այն է, որ մենք ընտելացել ենք այդ կմախքներին»,-մեջբերեց Չալդրանյանը՝ իր կողմից հավելելով,- «Ցավոք սրտի մենք այսօր շատ բաների ենք ընտելացել կամ մեզ ընտելացրել են»։
Չալդրանյանի խոսքով, այսօր կինոգետներն էլ իրենց տեղում չեն եւ կինոյի մասին խոսում ու քննադատում են մարդիկ, ովքեր այդ ոլորտի մասնագետները չեն։
Կինոռեժիսորն ասաց, որ ինքն անկախ ռեժիսոր է եւ իր ֆիլմերն ինքնաֆինանսավորմամբ է նկարահանում եւ այս կամ այն խմբավորմանը չի հարում։




























