Գիտնականները բացահայտել են ծառերի մեջ ջրի շարժման վերաբերյալ անգլիացի հայտնի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնի չհրապարակված տեսության տեքստը։ Այս բացահայտման մասին գրում է Nature Plants-ը։

1661-1665 թթ. Օքսֆորդի համալսարանում ուսանելու տարիներին Նյուտոնն իր նոթատետրում գրառումներ էր կատարում։ Ապագա գիտնականը այնտեղ նշում էր մաթեմատիկայի, ֆիզիկայի ու մետաֆիզիկայի ոլորտում կատարած փորձերի շուրջ իր դիտարկումները, մտքերը եւ պատմությունները։ 1872թ. նոթատետրը նվիրաբերվել էր Քեմբրիջի համալսարանին։ Արխիվում աշխատող գիտնականները հայտնաբերել են կես էջանոց մի տեքստ, որտեղ Նյուտոնը դատողություններ է անում այն մասին, թե ինչպես է ջուրը ծառերի արմատներից հասնում տերեւներին, գրում է Lenta-ն։

Նյուտոնը ենթադրում էր, որ լույսը ջրի մասնիկները դուրս է բերում դրանով լցված բույսերի ծակոտիներից։ Այս երեւույթի ժամանակակից բացատրությունը հիմնվում է հեղուկի ուղղահայաց շարժման մազախողովակային մեխանիզմի եւ օսմոսի վրա։

Առաջին մեխանիզմը ենթադրում է, որ նեղ խողովակներում խոնավացման շնորհիվ հեղուկը կարող է բարձրանալ վեր՝ ի հեճուկս ծանրության ուժի։ Օսմոսը ենթադրում է հեղուկ նյութերի մոլեկուլների ներծծումը ավելի մեծ խտություն ունեցող միջավայրից ավելի նոսրի մեջ։