Toyota ընկերությունը ստիպված է 11 մլն դոլար փոխհատուցում վճարել 2006թ. ավտովթարի զոհերի եւ տուժածների հարազատներին, գրում է Associated Press-ը։ Դատարանը որոշել է, որ վթարի պատճառը 1996թ. արտադրության Camry մակնիշի մեքենայի արագացուցչի անսարքությունն է եղել։

Երդվյալների որոշմամբ՝ ավտոընկերությունը կրում է երեք մարդու կյանք խլած վթարի պատասխանատվության 60 տոկոսը։  Տեխնիկական թերացումը թույլ չի տվել մեքենայի ղեկին նստած Կուա Ֆոնգ Լիին ժամանակին արգելակել։ Դատարանի վճռով՝ պատահարի պատասխանատվության 40 տոկոսը մնում է վարորդի վրա, գրում է Gazeta-ն։

Toyota-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ընկերությունը հարգում է երդվյալ ատենակալների որոշումը, սակայն  ղեկավարությունը կարծում է, որ մեքենան չէր կարող վթարի պատճառ դառնալ։ Toyota-ն հայտնել է, որ կշարունակի ուսումնասիրել գործը՝ դատարանի վճիռը բողոքարկելու համար։