Քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանի փաստաբանը Հատուկ քննչական ծառայության նախկին քննիչ Հեկտոր Սարդարյանն է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Իսրայել Սարգսյանի փաստաբանը Հեկտոր Սարդարյանի որդին էր՝ Արսեն Սարդարյանը, ում հետ տեւական ժամանակ է՝ չի հաջողվում կապ հաստատել: Մեզ հայտնի էր դարձել, որ նա գտնվում է ՌԴ-ում, այնուհետեւ տեղեկություններ էին տարածվել, թե Արսեն Սարդարյանին առաջիկայում կնշանակեն դատավոր, առայժմ նշանակումը չի եղել:

Որդու կարիերայի եւ Իսրայել Սարգսյանի գործով մեկնարկելիք դատաքննության մասին փորձեցինք տեղեկություններ իմանալ Հեկտոր Սարդարյանից, բայց ապարդյուն: Նրան զայրացրեց այն հանգամանքը, որ այդ հարցերով դիմում ենք իրեն, այնուհետեւ սկսեց հետաքրքրվել, թե ինչու եք հետաքրքրվում, իսկ վերջում արդեն հայտարարեց, թե ինչ իմանա՝ արդյոք իրեն լրագրող է զանգում: Փաստորեն, ՀՔԾ նախկին քննիչը չի տիրապետում լրագրողների հետ շփվելու տարրական կանոններին եւ կարծում է, թե տասնյակ մարդիկ կարող են զանգել եւ հետաքրքրվել Իսրայել Սարգսյանի գործից:

Նշենք, որ գործով առաջին նիստը նշանակված է փետրվարի 16-ին: Այն քննվելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:Ըստ մեղադրական եզրակացության՝ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել եւ կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաեւ ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երեւան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թով 4 հատ Ճայթիչներ եւ նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշականակագույն եւ շականակագույն գլանաձեւ արկային վառոդի թվով 5 հատ հատիկներ:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի եղբորը»: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է եւ դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Փետրվարի 18-ից փրկարարները ոստիկանների հետ որոնում են Մովսեսի դին, սակայն առայժմ չի հաջողվել գտնել: