«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բերձորի միջադեպի հետ կապված երկու մոլորություն կա, որոնց կարեւոր ենք համարում անդրադառնալ: Առաջինն այն պնդումն է, թե նման բռնություններով իշխանությունը վնասում է ինքն իրեն եւ հանրությանը հանում իր դեմ: Խնդիրն այն է, որ Հայաստանում հանրությունը վաղուց է իշխանության դեմ դուրս եկած եւ հենց այսօրինակ բռնություններն են, որ արդեն մոտ քսան տարի ապահովում են իշխանության կայունությունը մի պայմաններում, երբ հանրության մեծամասնությունն իշխանափոխություն է փափագում: Դուք Հայաստանի պատմության մեջ չեք գտնի մի օրինակ, երբ բռնությունը թուլացրած լինի իշխանությանը: Չկա նման բան: Սա նաեւ նրանից է, որ ընդդիմությունը, ընդդիմադիր քաղաքական գործիչները միշտ սխալ են արձագանքել բռնությանը: Հարց կառաջանա, բա ո՞րն է ճիշտ արձագանքը: Այս հարցի պատասխանը դեռ պետք է գտնել, բայց որ իշխանության կիրառած բռնությունը երբեք չի հաջողվել շրջել հենց իշխանության դեմ արդեն իսկ վկայում է այն մասին, որ բռնություններին հանրային, քաղաքական արձագանքը, որպես կանոն, միշտ սխալ է եղել: Սա նշանակում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ընդդիմությունը պետք է վերանայեն բռնությունների նկատմամբ իրենց վերաբերմունքը, դրան արձագանքելու նոր ձեւեր ու մեխանիզմներ գտնեն:

Հաջորդ մոլորությունն այն է, թե երբ որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժի նկատմամբ բռնություն է կիրառվում, այդ քաղաքական ուժը դրանից դիվիդենտներ է շահում, որովհետեւ նրա շուրջ քննարկումներ են առաջանում, համակրանք եւ այլն: Քննարկումն ու համակրանքը գուցե, բայց ցանկացած բռնություն, մեծ հաշվով, բացասաբար է անդրադառնում ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժի վրա, եթե նա արագ ու արժանի հակահարված տալու ի վիճակի չի լինում: Խոսքը, իհարկե, ուժային հակահարվածի մասին չէ, այլ քաղաքական հակահարվածի: Ընդ որում այս քաղաքական հակահարվածը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ, քանի դեռ ծեծված եւ ջարդված համախոհները հանրային լայն քննարկումների, զորակցության խոսքերի ֆոնին չեն զգում ֆիզիկական ու բարոյական ցավը, նյութական վնասների ծանրությունը: Հակառակ դեպքում մեկ-երկու շաբաթ կանցնի, ու ինչպես բոլորը սկզբից հարց են տալիս, թե ինչո՞ւ ծեծեցին ծեծողները, բոլորը կսկսեն հարցնել, թե ինչո՞ւ ծեծվեցին ծեծվողները: Ընդ որում այս հարցը իրենք իրենց կտան նաեւ ծեծվողները: Ու պատասխան չեն գտնի: Այստեղ է, որ նրանց մոտ հարցեր կառաջանան իրենց իրականացրած եւ իրականացնելիք գործունեության մասին, եւ էլի պատասխաններ չեն գտնի: Նկատի ունեմ իզուր է ոմանց ոգեւորությունը, թե Հիմնադիր Խորհրդարանին հաջողվեց մեծ աղմուկ անել իր անվան եւ գործունեության շուրջ: Աղմուկը կանցնի, իսկ ցավն ու անիմաստության զգացումը կմնա, եւ սա հնարավոր չի լինի հաղթահարել շատ երկար ժամանակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: