Գյումրիի բախումների գործով ձերբակալված՝ Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանն այսօր՝ փետրվարի 6-ին, ազատ արձակվեց Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի բաժնից:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Մնացականին ազատ արձակելու կոչով Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին էր դիմել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ մտահոգություն հայտնելով, որ դա կարող է վրդովմունքի նոր ալիք բարձրացնել Գյումրիում:
Րաֆֆի Ասլանյանը ցուցում էր տվել Մնացականին ազատ արձակել ստորագրությամբ չհեռանալու պայմանով:
Նշենք, որ Մնացական Ալեքսանյանը Գյումրիի բախումների գործով ձերբակալված առաջին անձն է: Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին:





























