ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում փետրվարի 5-ին հրազենային վիրավորումից մահացած 25-ամյա Շեքսպիր Հակոբյանի հիշատակին նրա հայրենի՝ Ջերմուկ քաղաքի երիտասարդները փետրվարի 6-ին մոմավառություն են կազմակերպել:

Մի քանի տասնյակ երիտասարդները մոմեր են վառել Շեքսպիրի պապիկի տան բակում: 

«Թեեւ Շեքսպիրը ՌԴ-ում էր բնակվում, ոչ բոլորս էինք նրան ճանաչում, բայց նրա մահը բոլորից ցավն ու կորուստն էր: Մենք բոլորս շոկի մեջ ենք, այս փոքրիկ քայլով ցանկանում ենք  հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի  երիտասարդական կենտրոնի ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը:

Նշենք, որ Շեքսպիրի ընտանիքի անդամները, այդ թվում՝ կինն ու որդին, ապրում են ՌԴ Վոլգոգրադ քաղաքում: Նա Հայաստան էր եկել՝ զինծառայություն անցնելու։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետեւանքով ժամը 16:15-ի սահմանում  ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: