Ինչո՞ւ քաղաքի կենտրոնում աճուրդի եք դրել մի տարածք, որը ըստ Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի եւ համաձայն կայքի պայմանական նշանների, ենթակա չէր կառուցապատման: Նման հարցադրմամբ Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանին է դիմել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով Կողբացի 50/2 հասցեում կառուցվող 99.07ք.մ խոտածածկ տարածքում հասարակական օբյեկտի շինթույլտվության խնդրին:
Բախշյանի նամակում ասվում է.
«Այսօր` փետրվարի 9-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հողի վերահսկողության պետին հանձնարարեցիք վերահսկել Ձեր կողմից տրված շինթույլտվությունների համապատասխանությունը իրականացվող նախագծերին եւ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում` խզել պայմանագիրը:
Կրկին խոսքս վերաբերում է Կողբացի 50/2 հասցեում կառուցվող 99.07ք.մ խոտածածկ տարածքում հասարակական օբյեկտի շինթույլտվությանը, որի տեղեկատվական պաստառի համաձայն կառուցող կապալառու կազմակերպությունը ՆՈՐՄԱ ՍՊԸ-ն է, որի վերաբերյալ որեւէ տեղեկություն չգտնվեց ո’չ պետական ռեգիստրում, ո’չ «Սփյուռ» տեղեկատվական կայքում, իսկ օբյեկտի հարկայնությունը, ըստ «Իրավունք» թերթի լրագրողի հարցման քաղաքապետարանի պատասխանի, պետք է լինի մեկ հարկանի կառույց:
Այնինչ, տեղեկատվական պաստառի վրա երեւացող շինությունը եւ արդեն փորված հիմքը վկայում են այն մասին, որ այն մեկ հարկից բարձր է նախատեսված:
Խնդրում եմ պարզաբանել, թե
1. Ինչո՞ւ քաղաքի կենտրոնում աճուրդի եք դրել մի տարածք, որը ըստ Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի եւ համաձայն կայքի պայմանական նշանների, ենթակա չէր կառուցապատման: Տարածքը եղել է խոտածածկ ու 5 ծառով ծառապատված եւ այս փաստը մինչ օրս հերքվում է քաղաքապետարանի կողմից նույնիսկ այն դեպքում, երբ հրապարակված նկարներում երեւում է, թե ինչպես են ծառն արմատախիլ անում,
2. ո՞րտեղ է գրանցված կապալառու ՆՈՐՄԱ ՍՊԸ կազմակերպությունը, այն օրինական գրանցված կազմակերպությո՞ւն է, թե՞ ոչ,
3. Կողբացի 50/2 հասցեում կառուցվող հասարակական օբյեկտի նախագիծը համապատասխանո՞ւմ է արդյոք Ձեր կողմից տրված շինթույլտվությանը:





























