Արաբկիրցի 35 զինծառայողների ծնողներ տեսակցել են իրենց զավակներին: Փետրվարի 6-8-ը մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության ԼՂՀ կատարած այցի ընթացքում վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը հանդիպել է  ԼՂՀ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի հետ, որի ժամանակ քննարկվել է Մարտունի քաղաքում  Երեւանյան պուրակ կառուցելու նախագիծը:

Հրայր Անտոնյանն այցելել է նաեւ Մարտունիում կառուցվող կրթահամալիր, որտեղ գործելու է շախմատի դպրոց,  եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցրել, որ Երեւանի քաղաքապետարանը կտրամադրի անհրաժեշտ գույք:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոգածությամբ ԼՂՀ Մարտունու շրջանում արաբկիրցի 35 զինծառայողների ծնողները հնարավորություն են ստացել հանդիպելու իրենց զավակներին: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը ողջունել է նրանց եւ մաղթել բարի ծառայություն, ինչպես նաեւ արաբկիրցի աշակերտների կողմից փոխանցել  նվերներ, նամակներ, սննդի փաթեթներ: Գերազանց ծառայությամբ աչքի ընկած զինվորականները պարգեւատրվել են շնորհակալագրերով:

Հանդիպումն ամփոփվել է տոնական միջոցառմամբ: Զինծառայողներն ու նրանց ծնողները շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար եւ նշել, որ նման նախաձեռնությունների արդյունքում զինվորների շրջանում բարոյահոգեբանական ու մարտական  ոգին ավելի բարձր է լինում:

Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը ԼՂՀ այցելության ընթացքում հանդիպել է նաեւ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, վերջիններիս նվերներ հանձնել Երեւանի քաղաքապետի կողմից,  ինչպես նաեւ սննդի, քաղցրավենիքի փաթեթներ: