Երեւանում նախորդ շաբաթ 10 արձանագրություն է կազմվել բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման աշխատանքների հետ կապված: Այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Ապօրինի շինարարության եւ հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով էլ քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 5 դեպք: 4 հասցեներում կատարվել են ինքնակամ շինարարության հետեւանքների վերացման աշխատանքներ: Արձանագրություններ են կազմվել նաեւ շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման 5 դեպքի մասով: Քաղաքապետը բոլոր պատասխանատուներին, մասնավորապես վարչական շրջանների համապատասխան ծառայություններին հանձնարարել է լինել առավել հետեւողական եւ շարունակել այս ուղղությամբ խիստ հսկողությունը:
Հանձնարարվել է նաեւ նախապատրաստական աշխատանքներ տանել մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:





























