Երեւանում աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման եւ երեւույթի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 84 վարչական արձանագրություն է կազմվել: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով ոչ միայն աղբամաններին հարակից տարածքների, այլեւ բնակչության կողմից աղբի կուտակման քրոնիկ վայրեր դարձած այլ հասցեների նկատմամբ:

«Մեր նպատակը միայն արձանագրություններ կազմելը չէ, կարեւոր է, որ այդ արձանագրությունների միջոցով կանխարգելենք երեւույթն ու վերացնենք պատճառները: Այս համատեքստում ոչ պակաս կարեւոր է նաեւ իրավախախտ քաղաքացիների հետ բացատրական աշխատանքներ տանելը՝ առանձնակի ընդգծելով, որ մեր նպատակը ոչ թե տուգանելն է, այլ մեր քաղաքը մաքուր պահելը: Հատուկ ուշադրություն դարձրեք նաեւ ոչ սահմանված այն վայրերին, որտեղ մշտապես նկատվում է աղբի կուտակում, այդ թվում՝ խաչմերուկներին վարորդների կողմից աղբի եւ ծխախոտի մնացորդների դուրս նետման դեպքերին: Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ քայլեր ձեռնարկեք նաեւ այդ արատավոր երեւույթը վերացնելու ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Վերջին շրջանում հատկապես Կենտրոն վարչական շրջանում նկատվող նոր աղբամանների հաճախակի այրման դեպքերի հետ կապված էլ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ոստիկանության հետ համատեղ  հատուկ հսկողություն սահմանել դրանց նկատմամբ եւ հայտնաբերել մեղավորներին ու ենթարկել պատասխանատվության: Նշվել է, որ միայն մեկ ամսվա ընթացքում գրանցվել է աղբամանների այրման 20 դեպք: