Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը պարզաբանում է մամուլի հրապարակումները, որոնց համաձայն՝ Պոլիտեխնիկում աուդիտ է իրականացվում:

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան-հիմնադրամի գիտական եւ ուսանողական խորհուրդներից ստացվել են համապատասխան գրություններ` ուսանողական խորհուրդների կանոնադրության վերաբերյալ: Նախարարության համապատասխան ստորաբաժանումները ներկայումս ուսումնասիրում են խնդիրը, որի արդյունքների մասին կտեղեկացվի երկու կողմերին:

Միաժամանակ, նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում, որ հերթական անգամ Հայաստանի երբեմնի լավագույն բուհերից մեկը հայտնվում է իր համար ոչ շահեկան լրատվական հոսքերում, որն առաջին հերթին վնասում է ուսումնական հաստատության հեղինակությանը»,- ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ ըստ մամուլի տարբեր հրապարակումների՝ համալսարանում կատարվող աուդիտները կապված են ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հետ: