Կառավարության դեկտեմբերի 25-ի որոշմամբ Պետական աշխատողներին հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման, ինչպես նաեւ  սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում  պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգում փոփոխություններ են կատարվել:

Այս առնչությամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածած տեղեկանքում նշվում է.

«• 2015թ. հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրվում է պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչը, որի տարեկան արժեքը 8000 դրամ է: Այսինքն 132000 դրամից 52000 տրամադրվում է առողջապահական փաթեթին, 8000 դրամը պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությանը, իսկ 72000 դրամը` սոցիալական փաթեթի ծառայությունների ձեռքբերմանը:

• 2015թ. հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծառայությունները կներառեն նաեւ սոցիալական փաթեթի շահառուի համար առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթը կամ սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթը.

• ներդրվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված՝ սոցիալական վճար կատարող անձի կողմից սոցիալական փաթեթի գումարները սոցիալական վճարների կատարմանն ուղղելու մեխանիզմը,

• ընդլայնվել է սոցիալական փաթեթի շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը, որն ընդգրկում է արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները` համավճարի սկզբունքով, ինչպես նաեւ հստակեցվել է առանձին բժշկական ծառայությունների տրամադրման եւ փոխհատուցման կարգն ու պայմանները,

• 2015թ. հունվարի 1-ից սոցիալական փաթեթից կօգտվեն նաեւ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի, «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատողները.

• 2015թ. հունվարի 1-ից հետո առանց աշխատավարձի պահպանման երեք ամսից ավելի ժամկետով գործուղման մեկնելու դեպքերում շահառուների սոցիալական փաթեթի գումարները այդ ժամանակահատվածի համար կկասեցվեն: