Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը ենթակա է բեկանման եւ փոփոխման, քանի որ այն կայացնելիս դատարանը ամբաստանյալներին մեղսագրվող արարքներին ճիշտ քրեաիրավական որակում չի տվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց մեղադրողը՝ միջնորդելով բեկանել վճիռը եւ բավարարել դատախազության՝ 29 մլն դրամի փոխհատուցման վերաբերյալ քաղհայցը:
«Առաջին ատյանի դատարանը հանցակազմի հիմնական անդամներ է համարել միայն 5-ին, եւ միայն նրանց հանդեպ է ազատազրկում կիրառել, իսկ մյուսներին համարել է հանցակազմի ոչ հիմնական մասնակիցներ եւ որոշում է կայացրել նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել: Բոլորն էլ հանցակազմի անդամներ են եւ բոլորն էլ պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ ազատազրկման կարգով: Դատարանը նրանց արարքներին տվել է սխալ քրեաիրավական որակում եւ թույլ է տվել մի շարք դատավարական եւ նյութական իրավունքների խախտումներ: Բացի այդ, դատարանը անհիմն չի բավարարել 29 մլն-ի քաղհայցը, քանի որ այն ներկայացվել է պատշաճ մարմնի՝ դատախազության կողմից»,- իր վերաքննիչ բողոքում նշեց մեղադրողը:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 8-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաեւ Վազգեն Խաչիկյանի, Վիգեն Գեւորգյանի, Հովհաննես Գրիգորյանի, Վահագն Խաչատրյանի եւ Աշոտ Աբրահամյանի պաշտպանները:
Հիշեցնենք, որ դատարանը Վազգեն Խաչիկյանին դատապարտել է 12 տարվա ազատազրկման: Ամբաստանյալներ Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վիգեն Գեւորգյանը, Վահագն Խաչատրյանը դատապարտվել են 5.5 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ: Մյուս 8 ամբաստանյալների նկատմամբ առաջին ատյանի դատարանը պայմանական ազատազրկման որոշում է կայացրել:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար:





























