Այս տարվա ամռանից Փարիզում ուժի մեջ կմտնի հին ավտոմեքենաներով երթեւեկությունն արգելելու մասին օրենքը: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ստորագրել է համապատասխան փաստաթուղթը:
Ըստ la Croix պարբերականի, հուլիսից քաղաքի կենտրոնական հատված մուտքն ամբողջությամբ կարգելվի մինչեւ 2001 թվականի հոկտեմբերը հաշվառված բոլոր ավտոբուսների եւ բեռնատարների համար: Ուղիղ մեկ տարի անց Փարիզ եւ քաղաքի արվարձաններ կարգելվի մինչեւ 1997 թվականի սեպտեմբերի 30-ը հաշվառված ցանկացած տեսակի շարժիքով բոլոր թեթեւ մարդատար ավտոմեքենաների, մոտոցիկլետների եւ թեթեւ առեւտրային մեքենաների մուտքը:
Ընդ որում, հասարակական նշանակության կարեւոր մասնագիտական գործունեությամբ զբաղվող անձինք զեղչեր կստանան էլեկտրական կամ գազով ավտոմեքենա ձեռք բերելու համար, որը կփոխհատուցվի պետության կողմից: Motor-ի փոխանցմամբ, այդ նպատակով իշխանություններն ամեն տարի 5 մլն եվրո կհատկացնեն:
2020 թվականից արդեն Փարիզում հնարավոր կլինի երթեւեկել միայն առնվազն «Եվրո 5» էկոլոգիական ստանդարտին համապատասխանող շարժիքով մեքենաները:




























