Երեւանում ընդամենը կրճատվել են կրկնվող երթուղիները, որտեղ ուղեւորահոսքի նվազում կա, երթուղիների նոր կրճատումների վերաբերյալ այս պահին խոսակցություններ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության Արթուր Գեւորգյանը:

Նա նշեց, որ ընդամենը զուգահեռ ընթացող երթուղիները, որտեղ մարդկանց հոսքը նվազել է, դրանք են կրճատվել կամ երթուղիներն են փոփոխվել,  բայց մեքենաները ավելացել են: «Քաղաքապետարանը ամեն ինչ անում է՝ տրանսպորտային սպասարկումը բարելավելու համար: Ընդամենը կրճատվել են կրկնվող երթուղիները, որտեղ ուղեւորահոսքի նվազում կա»,-փոխանցեց Արթուր Գեւորգյանը:

Հարցին, թե կան էլի կրկնվող երթուղիներ, որոնք հնարավոր է կրճատվեն, վարչության պետն ասաց, որ այս պահին նման խոսակցություններ չկան, ուղեւորահոսքի նվազման վերաբերյալ համապատասխան ուսումնասիրությունից հետո միայն կարող է նման հարց քննարկվել, իսկ այս պահին նման բան չկա:

Ինչ վերաբերում  է Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչների բողոքին 53 համարի ավտոբուսի երթուղին փոխելու հետ կապված, հնարավո՞ր է այդ հարցը վերանայվի,Արթուր Գեւորգյանն ասաց, որ չի կարող ասել:

Նշենք, որ «Ժողովրդին» հայտնի է դարձել, որ «քաղաքապետարանը եւ տրանսպորտի «մաֆիան» որոշել են այս գործում ավելի առաջ գնալ եւ առաջիկայում մայրաքաղաքի տրանսպորտը կրճատել 50 տոկոսով: Պաշտոնական պատճառաբանության համաձայն՝ կվերացվեն կրկնվող երթուղիները, որպեսզի մնացած երթուղիները ողջ ծանրաբեռնվածությամբ գործեն:

Սակայն այս ծրագրի իրական նպատակը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին ստիպելն է, որ նրանք քաղաքի մի ծայրից մյուսը գնալուց օգտվեն առնվազն երկու տրանսպորտից: Այսինքն՝ տրանսպորտի «մաֆիան» այս կերպ է փորձելու լուծել իր եկամուտների ավելացման խնդիրը՝ չբարձրացնելով 100 դրամ ուղեվարձը: Այլ կերպ ասած՝ տրանսպորտի «մաֆիան» եւ Երեւանի քաղաքապետարանը չհայտարարված պատերազմ են սկսել մայրաքաղաքի բնակչության դեմ»: