Հայաստանի ԿԳ նախարարությունն պատասխանել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի գիտական եւ ուսանողական խորհուրդների կողմից ստացված` ուսանողական խորհուրդների կանոնադրության վերաբերյալ գրություններին՝ նշելով, որ ՀՀ ԿԳՆ համապատասխան ստորաբաժանումները կատարել են  ուսումնասիրություն եւ պատասխանել դիմող կողմերին:

Նախարարության պատասխանում, մասնավորապես, նշվում է, որ  համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասի` բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում անդամների թվի առնվազն 25 տոկոսն ուսանողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը` ուսանողական խորհուրդը:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատվում է  կրթության պետական կառավարման լիազոր մարմնի՝ տվյալ դեպքում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից:       

 Այն դեպքերում, երբ ՀՀ կառավարության որոշման, տվյալ պարագայում` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի կանոնադրության  եւ օրենքների միջեւ առկա է հակասություն, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի` գործում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը՝ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթները:

Ելնելով վերոգրյալից` ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, որպես կրթության պետական կառավարման լիազորված մարմին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատելիս գործել է բացառապես ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:

Ինչ վերաբերում է առկա հակասությանը, ՀՀ ԿԳ նախարարությունը, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունների  կառավարման մարմինները՝ խորհուրդները, պետք է հետամուտ լինեն նմանօրինակ հակասություների վերացման հարցում՝ թյուրընկալումներից խուսափելու եւ տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու համար:

Ավելի վաղ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) գիտխորհուրդը հայտարարել էր, որ բուհի ուսխորհուրդը լեգիտիմ չէ եւ ուսանողների ընտրություն չի կատարվել: