Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում դանակահարության հետեւանքով վնասվածքներ ստացած դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ 17-ամյա Տիգրան Գեւորգյանին վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը:
Նա նշեց, որ շնչափողի, կերակրափողի մեջ ծակ էր բացվել, փակել են, հույս ունեն, որ սա վերջին վիրահատությունն է: «Տղան կույր է, չի տեսնում, գիտակցությունը ամբողջովին առկա է, դեռ չի քայլում, բայց կանգնում է, կքայլի, ձեռքերը, ոտքերը աշխատում են, ուղղակի ռեաբիլիտացիոն բուժում պետք է անցնի, դեռ կմնա բժիշկների հսկողության տակ, վաղ է խոսել դուրս գրման մասին»,-ասաց բժիշկը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, 17-ամյա Տիգրան Գեւորգյանը եւ 17-ամյա Ռոբերտ Պ.-ն դանակահարվել էին: Նույն օրը երեկոյան 17-ամյա Նարեկ Ա.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին եւ Ռոբերտին: Կատարվում է քննություն:





























