Քաջարանում հեպատիտ C-ով վարակման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են մի շարք անձինք:
NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հաստատեցին, որ հարցաքննվել է հիվանդանոցի անեսթեզիոլոգ Երվանդ Քոչարյանը: Մեր տեղեկություններով՝ հարցաքննվել են նաեւ մի շարք այլ աշխատողներ, կատարվել են խուզարկություններ, առգրավվումներ:
Ի դեպ, NEWS.am-ին տեղեկություններ էին հասել, թե Քաջարանի հիվանդանոցի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը եկել է Հայաստան, հարցաքննվել, սակայն այս ամենը ճշտել չհաջողվեց: Նրա հեռախոսահամարներին պատասխանող անձը ասում էր, թե սխալ եք զանգել: Իսկ Վարդան Ավագյանի եղբայրը՝ Վախթանգ Ավագյանը, ով Սյունիքի ոստիկանապետն է, իմանալով, որ իրեն լրագրող է զանգել, անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց մեր զանգերին: Ի դեպ, Քաջարանում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Վարդան Ավագյանը աշխատանքի է անցել Մոսկվայի կենտրոնական հիվանդանոցներից մեկում:
Հիշեցնենք, որ Հեպատիտ C-ով վարկվածների թիվը հասել է 15-ի, որոնք գործով տուժող են ճանաչվել: 2014 թվականի ընթացքում Քաջարանի բժշկական կենտրոնում վիրահատվել է 191 մարդ, նրանցից բոլորից արյան անալիզ են վերցրել, որոնք ուղարկվել են Երեւան հետազոտության:
Քաջարանի հիվանդանոցի տնօրենն ազատվել է աշխատանքից, մինչեւ մրցույթի հայտարարում, տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հովիկ Դավթյանը, ով գրականագետ, Աժ նախկին պատգամավոր Շչորս Դավթյանի որդին է:





























