Ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը կսկսվի փետրվարի 26-ին: Այս մասին NEWS.am-ին ասաց Գուլիեւի փաստաբան Արկադի Իսրայելյանը:

Նշենք, որ ԼՂՀ առաջին ատյանի դատարանը 2014թ.-ի դեկտեմբերի 29-ին Գուլիեւին դատապարտել էր 22, իսկ Ասկերովին ցմահ ազատազրկման: Փաստաբանները բողոքարկում են պատժաչափը:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։