«Վերնիսաժի» գործով ականատես-վկա Արկադի Բաղդասարյանին նախաքննական ցուցմունք տալուց առաջ սպառնացել են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքում ասաց  Արկադի Բաղդասարյանը։

«Առերեսումից առաջ իմ վրա հարձակում է եղել, ասել են, որ ես չճանաչեմ ինձ հետ առերեսվող Գոռ Առաքելյանին, դրանից հետո ինձ հետապնդել են, այդ պատճառով ես փաստաբան եմ վարձել»,- դատարանում հայտարարեց վկան։

Արկադի Բաղդասարյանի խոսքով՝ նախնական ցուցմունք տալուց իրեն քննիչները նույնպես սպառնացել են, ասել, որ հաշվեհարդար կտեսնեն իր հետ, եթե պնդի իր տեսածը։

«Քննիչը գոռում էր վրաս, ասում էր՝ կկալանավորեմ։ Դրանից հետո չէի գնում հարցաքննության, ոստիկանությունից եկան մեր տուն, սպառնացին, որ եթե չգնամ, կտեսնեմ իմ վիճակը»,- պատմեց վկան։

Ամբաստանյալ Գոռ Առաքելյանի փաստաբանի հարցին, թե ինչու է վկան փոխել իր ցուցմունքը Գոռ Առաքելյանի հետ առերեսումից հետո, Արկադի Բաղդասարյանը պատասխանեց, որ իր վրա ազդել է Գոռի վիճակը, եւ ինքը որոշել է ասել ճշմարտությունը։

«Որ Գոռին տեսա բերդում, վերհիշեցի նրա ապրումներն ու որոշեցի պատմել ճշմարտությունը, իմ տեսածը»,-ասաց վկան։

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։

Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: