NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության խորհրդական Արամ Ավետիսյանի՝ «Foreign Policy Journal»-ում հրապարակված հոդվածը:
«Պատերազմը խաղաղություն է, ազատությունը՝ ստրկություն, անգիտությունը՝ ուժ»: Ովքեր ծանոթ են Ջորջ Օրուելի «1984» վեպին, ճանաչեցին այս կարգախոսները կամ, ավելի ճիշտ կլինի ասել, հակակարգախոսները: Այդ մտացածին պատմության մեջ նկարագրվում է բռնակալական համակարգի ներքո ճնշված հասարակություն, որը կառավարվում է պետական քարոզչության, պատմության եւ իրականության կեղծարարության միջոցով: Համակարգը նաեւ հասարակությանը մշտական պատերազմի իրավիճակում եւ վախի մթնոլորտում է պահում:
Ցավոք, Օրուելի կողմից հորինված «Օվկիանիա» պետությունում նկարագրվող շատ հայեցակարգեր հասել են մինչեւ մեր օրերը: Բռնապետական իշխանության հիմքով ավտորիտարիզմը, պատմության վերախմբագրումն ու իրականության խեղաթյուրումը, մարդու հիմնարար իրավունքների խախտումները, անհանդուրժողականությունն ու այլատյացությունն այսօր գոյություն ունեն ոչ մտացածին պետություններում:
Ադրբեջանի Հանրապետությունն ամենավառ օրինակներից է այն բանի, որ երկրները հետեւում են «Օվկիանիայի» հայեցակարգին: Նավթով հարուստ Ադրբեջանը՝ իր գրեթե միապետական կառավարող Իլհամ Ալիեւով, հայտնի է որպես ամենից կոռումպացված պետություններից եւ ռեժիմներից մեկը: Մարդու իրավունքների վիճակն այստեղ վատ է: Բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից պարբերաբար որպես «անազատ» պետություն բնորոշվող Ադրբեջանն առանձնանում է «այլախոհության հանդեպ անհանդուրժողականությամբ եւ քաղաքացիական ազատությունների ու քաղաքական իրավունքների անտեսմամբ»: «Օվկիանիայի» լավագույն ավանդույթներով՝ Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունը փորձում է խեղաթյուրել իրականությունը:
Օրուելյան պետության մեկ այլ կարգախոս՝ «Պատերազմը խաղաղություն է», հիանալիորեն համապատասխանում է ղարաբաղյան հակամարտության շուրջ Ադրբեջանի պահվածքին: Ոգեշնչված հեշտությամբ ձեռք բերվող նավթային փողերից՝ Ալիեւի ռեժիմն իրեն եւ հարեւաններին պատերազմի մշտական սպառնալիքի տակ է պահում՝ սեփական թերությունները քողարկելու եւ իշխանությունն ամրապնդելու համար: Շարունակվող ռազմատենչ հայտարարությունները եւ դիվերսիաների եւ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կողմից 1994 թվականին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի այլ խախտումների ճանապարհով շփման գծի երկայնքով մշտական լարվածությունն Ալիեւի դիրքորոշմանն աջակցելու նպատակ ունեն:
Ալիեւի ռեժիմը ջանք չի խնայում, որպեսզի հակահայկական ատելություն հրահրի: Երկիրը շարունակում է ավելացնել ռազմական հզորությունը, վերախմբագրում է սեփական եւ տարածաշրջանի պատմությունը, ինչպես նաեւ խեղաթյուրում է ղարաբաղյան հակամարտության էությունը՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը ներկայացնելով կեղծ լույսի ներքո, որպես Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային հավակնություններ: Պետական զանգվածային լրատվամիջոցներն օգնում են հակահայկական տրամադրություն ստեղծել հասարակության շրջանում՝ այն հասցնելով վտանգավոր մակարդակի:
«Օրուելյան» Ադրբեջանը, իհարկե, անցել է միջազգային իրավունքի սկզբունքների եւ մարդու հիմնարար իրավունքների բոլոր սահմանները: Ալիեւի ռեժիմն իր դիրքորոշման համար պետք է պատասխանատվության կանչվի: Հակառակ դեպքում, աշխարհը կկանգնի տարածաշրջանում ավելի մեծ անկայություն եւ անհարիր պահվածք տեսնելու վտանգի առջեւ: Ամենաթողության քաղաքականությունը, որն աչք է փակում ագրեսիվ պահվածքի վրա, բռնապետերին խրախուսում է կարծել, որ «անգիտությունն» իսկապես «ուժ» է, եւ կարող է հանգեցնել տարածաշրջանային մեկ այլ աղետի:





























