«Հայաստանի Էլցանցերը» 2015 թվականին հաշվիչների որակի թեստավորման լաբորատորիա կստեղծի: Այս մասին ասված է ՀԷՑ-ի 2015 թվականի ներդրումային ծրագրերի նախագծում, որն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում:

2015-ին ընկերությունը ծրագրում է 9.750 հաշվիչ փոխել, որոնց ընդհանուր արժողությունը կկազմի 228.4 մլն դրամ (480 հազար դոլարից քիչ պակաս - խմբ.): Նորերով են փոխարինվելու ավելի քան 30 տարի օգտագործված հաշվիչները: Դրանք էլեկտրոնայիններով փոխարինումը կբարձրացնի էլեկտրաէներգիայի հաշվման արդյունավետությունը եւ կկրճատի կորուստները:

Ներկայում հանրապետությունում տեղադրված 973 հազար հաշվիչներից էլեկտրոնային է 344 հազարը:

Բացի այդ, ծրագրվում է շարունակել բազմաբնակարան շենքերի մուտքերի էլեկտրահաղորդման գծերի վերանորոգումը: 2015 թվականին այդ նպատակի համար 200 մլն դրամ է հատկացվելու: