Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ Մինսկում անցկացվող «նորմանդական քառյակի» բանակցությունները կարող են տեւել մինչեւ փետրվարի 12-ի առավոտ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: Բանակցություններն ընթանում են արդեն ավելի քան 3.5 ժամ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով պայմանագրի ստորագրումը հնարավոր է փետրվարի 12-ին: Նրա խոսքով, «բանակցություններն ավելի քան լավ են ընթանում»:

Նշենք, որ Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ղեկավարները նախ շուրջ 2 ժամ շփվել են նեղ ձեւաչափով, այնուհետեւ նրանց են միացել պատվիրակությունների անդամները:

Ընդլայնված ձեւաչափով հանդիպումը մի քանի րոպե առաջ ավարտվել է, եւ չորս երկրների առաջնորդները զրույցը շարունակել են դեմ առ դեմ: