Մինսկում Ուկրաինայի հարցով «նորմանդական քառյակի» ձեւաչափով բանակցությունները ընթանում են արդեն 12 ժամ:

Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդները բանակցություններն սկսել են նախօրեին՝ նեղ շրջանակով: Երկու ժամ անց նրանք դուրս են եկել լուսանկարվելու, իսկ հետո շարունակել են բանակցությունները լայն շրջանակով: Եւս մի քանի ժամ անց պետությունների ղեկավարները վերադարձել են նեղ շրջանակով շփումների ձեւաչափին:

Առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում հայտնի է դարձել, որ «նորմանդական քառյակի» աշխատանքը լուսաբանող  լրագրողներին քարտեր են բաժանել, որով նրանք կարող են մուտք գործել համապատասխան սրահ, որտեղ Ուկրաինայի հարցով փաստաթուղթ է ստորագրվելու:

Դրանից որոշ ժամանակ առաջ արեւմտյալ լրագրողներին հրավիրել են Անկախության պալատի դահլիճ, որտեղ հնարավոր է ստորագրվի փաստաթուղթը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Շատ լրագրողներ նստած են բանակցային դահլիճի դռան մոտ, հենց հատակին: Դահլիճից երբեմն դուրս եկողները որեւէ մեկնաբանություն չեն տալիս: