Նախագահական նստավայրի մոտ երեկ՝ փետրվարի 11-ին, զոհված զինծառայողների մայրերի հետ կապված միջադեպի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Միջադեպի հետ կապված դիմեցինք ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, ով նշեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ նշանակվել է ծառայողական քննություն:
Հիշեցնենք, որ բանակում խաղաղ պայմաններում զոհված 5 զինծառայողների ծնողներն երեկ երթով ՀՀ կառավարության շենքի մոտից շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր։ Երբ ակցիայի մասնակիցները հասել են նախագահական նստավայրի առաջնամաս, ոստիկանները փակել են նրանց ճանապարհը՝ պահանջելով չքայլել Բաղրամյան 26-ի մայթով։ Բողոքողներից մի քանիսը դուրս են եկել փողոցի երթեւեկելի հատված՝ շրջանցելով ոստիկաններին, վերջիններս քաշքշելով եւ հրելով նրանց կրկին բերել են մայթ։





























