Իտալական Գրոսետո քաղաքի առաջին ատյանի դատարանը Costa Concordia զբոսանավի նավապաետ Ֆրանչեսկո Սկետինոյին մեղավոր է ճանաչել նավի խորտակման մեջ եւ դատապարտել 16 տարվա ազատազրկման, գրում է Reuters-ը։

Դատախազը պահանջում էր նավապետին դատապարտել 26 տարի եւ 3 ամիս ժամկետով ազատազրկման անփութության հետեւանքով բազմաթիվ մարդկանց կյանք խլելու համար։ Խորտակված նավի նախկին նավապետը, որը միակ մեղադրյալն է այս գործով, լաց է եղել դատարանի դահլիճում իր ելույթի ժամանակ։ «Ես մահացա նավաբեկության 32 զոհերի հետ միասին»,- հայտարարել է նա եւ հավելել, որ հասարակութունն իրեն քավության նոխազ է դարձրել, գրում է Lenta-ն։

Հետաքննության վարկածով՝ Սկետինոն պատահաբար նավն ուղղել է ստորջրյա ժայռերի ուղղությամբ եւ երբ հասկացել է, որ նավը հնարավոր չէ փրկել,փախել է նրա վրայից՝ առանց տարհանման ցուցում տալու։

Հիշեցնենք, որ Сosta Concordia-ն խորտակվել էր 2012թ. հունվարի 14-ի գիշերը՝ Ջիլյո կղզու մոտակայքում բախվելով ժայռաբեկորին։ Նավի վրա կար 4.2 հազար ուղեւոր եւ անձնակազմի անդամ։ Նավաբեկության հետեւանքով զոհվեց 32 մարդ։