Ղազախստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, որ բոլոր «անհարթությունները», որոնք ուղեկցում են Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծման գործընթացը, կհաղթահարվեն, երբ ներդաշնակեցվեն ազգային օրենսդրությունները, ընդհանուր նորմերը եւ օրենքները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ցանկացած խոշոր ինտեգրացիոն միության ստեղծում չի կարող կատարյալ անցնել՝ առանց որեւէ անհարթությունների: Որոշակի ժամանակ է անհրաժեշտ ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման, ընդհանուր նորմերի եւ օրենքների համապատասխանեցման համար, որոնք կարգավորում են առկա «նեղ մասերը»,-հայտարարել է նա:
Դիվանագետը նաեւ անդրադարձել է Ղազախական ապրանքների դեպի Ռուսաստան արտահանման ծավալների նվազեցման հարցին՝ նշելով, որ հիմնականում տեղի է ունենում գնային արժեքների անկում, ինչը պայմանավորված է միջազգային շուկայում հումքի գների անկման հետ:
Դիվանագետը նշել է, որ անկախ ՌԴ-ի եւ Արեւմուտքի երկրների միջեւ ընթանող պատժամիջոցային ընդհարումներից, ռուբլու թուլացումից եւ այլ բացասական գործոններից, որոնք անուղղակի ձեւով բացասաբար են ազդում Ղազախստանի տնտեսության վրա, Աստանան չի արգելակում ԵԱՏՄ-ի ստեղծման գործընթացը:
«Ես նույնիսկ կասեի, որ ԵԱՏՄ-ի ստեղծումը նման բարդ պայմաններում միայն կոփում է մեր երկրները եւ տնտեսությունները՝ ապացուցելով հետագա զարգացման համար ընտրված ուղու իրավացիությունը»,-նշել է դեսպանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը 2014թ. մայիսի 29-ին Աստանայում ստորագրել էին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որը ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից: Հունվարի 2-ից ԵԱՏՄ-ին է միացել Հայաստանը, իսկ մայիսին սպասվում է Ղրղզստանի անդամակցումը:





























