Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է կաշառք վերցնելու մեջ մեղադրվող՝ Նոր Նորքի զինկոմ Ռաֆայել Զախարյանի գործով դատաքննությունը եւ փետրվարի 23-ին սկսվելու է վիճաբանությունների փուլը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Զախարյանի փաստաբան Արմեն Խաչատրյանը նշեց, որ դատաքննության ընթացքում Զախարյանին առաջադրված մեղադրանքը չի ապացուցվել:

«Համապատասխան անձինք պետք է եզրակացություն տային՝ տվյալ անձը պիտանի է ծառայության, թե ոչ: Զինվոևական կոմիսարն իրավունք չունի՝ որոշելու՝ անձը ենթակա է ծառայության, թե ոչ: Հետեւաբար, Զախարյանը չէր կարող որոշում կայացնել: Բացի դրանից՝ տուժող Գագիկ Վարդանյանը, որը լսողության հետ կապված խնդիրներ ունի, դատարանում ցուցմունք տվեց, որ Զախարյանն ասել է՝ 4 հազար կբերես, ինքն էլ մտածել է՝ խոսքը 4 հազար դոլարի մասին է: Ինքն էլ բերել է այդ գումարը, սակայն դատաքննության ընթացքում էլ հիմնավորվել է՝ գումարի հանելը երեւում է միայն ձեռքի շարժումով: Թե ինչ գումարի մասին է խոսքը, տվել է, չի տվել, այդ ամբողջը չի երեւում»,- ասաց փաստաբանը:

Արմեն Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ գումարը հայտնաբերվել է դեպքից մի քանի ժամ անց, այլ անձի աշխատասենյակում՝ ջեռուցման մարտկոցի եւ պատի արանքից: Մինչդեռ տեսագրությամբ պարզ երեւում է, որ անձը գումարը հասցնում է մինչեւ զինկոմի աշխատասենյակի գրասեղանին:

Փաստաբանը չբացառեց, որ իր պաշտպանյալին հնարավոր է արդարացնեն:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ռաֆայել Զախարյանը 2014թ. մարտի 17-ին իր աշխատասենյակում, Երեւան քաղաքի Ավան 7 փող. 45 տան բնակիչ Գագիկ Վարդանյանից, որդու՝ Ալբերտ Վարդանյանի օգտին առողջական վիճակի բերումով պահեստազորում հաշվառելու, դրանով իսկ զինվորական ծառայության զորակոչից վերջնականապես ազատելու դիմաց պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.659.840 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Երկու օր անց Զախարյանը նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում Գ.Վարդանյանից ստացել է 3900 ԱՄՆ դոլար:

Ռաֆայել Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջինը նախատեսում է ազատազրկում՝ 5-10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Երկրորդը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նա կալանավորված է:

Հիշեցնենք, որ կալանավորված Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է: