«Նորմանդական քառյակը» պայմանավորվել է, որ փետրվարի 15-ից՝ ժամը 00:00-ից, կհաստատվի հրադադար: Այս մասին բանակցությունների ավարտին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ըստ Ռուսաստանի նախագահի, «նորմանդական ձեւաչափով» բանակցությունների մասնակիցներին հաջողվել է պայմանավորվածություններ ձեռք բերել գլխավորի վերաբերյալ:

«Չնայած բանակցային գործընթացի դժվարություններին, մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց պայմանավորվել գլխավորի մասին»,-լրագրողներին հայտնել է Պուտինը:

Բանակցությունների արդյունքում ստորագրվել է փաստաթուղթ միջոցների մասին, որոնք ուղղված են Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանը:

«Նորմանդական ձեւաչափով» բանակցությունները շարունակվել են գրեթե 16 ժամ: Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ղեկավարները ողջ գիշեր բանակցություններ են վարել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Վերջին ժամերին նրանց է միացել նաեւ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցերով խմբում ԵԱՀԿ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին: