Դորտմունդում կայացել է շախմատի Sparkassen Chess Meeting 38-րդ մրցաշարի երկրորդ տուրը: Դարձյալ անհաջող է խաղացել Վլադիմիր Կրամնիկը: Ռուսաստանցին սեւերով 37-րդ քայլին պարտվել է ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին: Առաջին տուրում Կրամնիկը ոչ ոքի էր խաղացել վիետնամցի Լե Կուան Լիեմի հետ: Երկրորդ տուրի մյուս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:
Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – 1:0
Պետեր Լեկոն (Հունգարիա) – Շաքրիար Մամեդյարով (Ադրբեջան) – 0,5:0,5
Լե Կուան Լիեմ (Վիետնամ) – Արկադի Նայդիչ (Գերմանիա) – 0,5:0,5
Երկու տուրից հետո 1,5-ական միավոր ունեն Լեկոն ու Նայդիչը, մեկական միավոր են վաստակել Պոնոմարյովն ու Կուան Լիեմը, իսկ Կրամնիկն ու Մամեդյարովը կեսական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:




























