ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «BirthLink» ՀԿ-ն ներկայացնող նեոնատոլոգ Արշակ Ջերջերյանն այցելել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնի ծննդատուն: Հիվանդանոցում տարեկան ծնվում է ավելի քան 1000 երեխա, ուստի վաղահաս ծնված եւ առողջական խնդիրներով երեխաների խնամքի համար նախատեսված սարքավորումների առկայությունը  առաջնային նշանակություն ունի:  Այս նպատակով ծննդատանը տրամադրվել են անհրաժեշտ սարքավորումներ՝ տաքացուցիչ, շնչառական ֆունկցիայի կարգավորման սարք, թթվածնային թերապիայի սարք, դեղնախտի վերահսկման սարք, ինչպես նաեւ երակային ներարկման պոմպ: 

Տրամադրված բուժսարքավորումների եւ սարքերի միջոցով հնարավոր կլինի պատշաճ բուժօգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող եւ ոչ բավարար քաշով ծնված երեխաներին՝ ապահովելով առողջական վիճակի կայունացում նախքան Երեւանի բուժկենտրոններ տեղափոխելը: Որոշ դեպքերում անհրաժեշտ բուժսարքավորումների առկայության շնորհիվ կարող է վերանալ տեղափոխման անհրաժեշտությունը՝ հնարավորություն ընձեռելով մայրերին մնալու երեխայի կողքին: Բուժսարքավորման տրամադրմանը զուգահեռ շարունակվում է բուժանձնակազմի վերապատրաստումը եւ աջակցությունը:

Այս տարի լրանում է «BirthLink» ՀԿ-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի  համագործակցության յոթերորդ տարին: Ծրագրի շրջանակներում Երեւանի տասներկու եւ Հայաստանի յոթ մարզերի քսաներեք նորածնային բաժանմունք ստացել են նորածնային խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ: