«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպության ամենամյա զեկույցում երկրների զբաղեցրած հորիզոնականները եւ տրված գնահատականները համապատասխանում են իրական վիճակին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:
Նա նշեց, որ Հայաստանի խոսքի ազատության առումով 78-րդ հորիզոնականը պահպանելը օբյեկտիվ է: «Հաշվի առնելով միջավայրը՝ պետք է ուրախանանք, քանի որ որոշակի տագնապալի զարգացումներ են եղել, որոնք ամեն դեպքում դեռ պրակտիկորեն չեն ազդել խոսքի ազատության վրա, ինչը դրական եւ լավատեսական է»,-ասաց Բորիս Նավասարդյանը:
Նա նշեց այն վտանգները, որոնք եղել են անցյալ տարվա ընթացքում, ինչպես օրինակ՝ դատական նախադեպերը լրատվամիջոցներին տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասով, բռնությունները, վիրավորանքները եւ ցինիկ վերաբերմունքը լրագրողների հանդեպ, ինտերնետի ազատության վերաբերյալ որոշ նախաձեռնություններ, որոնք չեն իրականացվել եւ իհարկե այն, որ որեւէ կոնկրետություն չի մտցվել թվայնացման գործընթացի մեջ: «Ակնհայտ էր, որ Ադրբեջանում վերջին տարիներին մշտական եւ կայուն հետընթաց է եղել եւ իրավապաշտպանների, եւ լրագրողների գործունեության առումով, սոցցանցերի ակտիվ օգտատերերի նկատմամբ»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքսում» պահպանել է նախորդ տարվա իր դիրքերը եւ զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը։ Այս մասին նշված է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպության ամենամյա զեկույցում։
Ադրբեջանը կորցրել է 2 հորիզոնական եւ զբաղեցրել 162-րդ տեղը՝ դրանով իսկ հայտնվելով վատագույն ցուցանիշներ ունեցող 25 պետությունների ցուցակում։





























