«Կոշ» քրեակատարողական հիմնարկից խարդախության մեղադրանքով դատապարտված Կ. Ս.-ն, գտնվելով անազատության մեջ, կարողացել է ավելի քան 10 անձից հափշտակել է խոշոր չափի գումար: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Նա հանդես է եկել որպես Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից փոխգնդապետ Գեղամ եւ համացանցով իբր վաճառել տարատեսակ ապրանքներ՝ մեքենա, ավտոմասեր եւ այլն: Մարդիկ, տեսնելով հայտարարությունները, դիմել են, ձեռք է բերվել պայմանավորվածություն եւ արդեն գործարքի օրը «փոխգնդապետ Գեղամը» հանձնարարել է ապրանքը տանել Գյումրի, այնուհետեւ ասել, թե ծառայության է, օգնականը կվերցնի գումարը, իսկ մի կես ժամից ինքը կուղարկի ապրանքը: Դրանից հետո հեռախոսահամարը անհասանելի է դարձել, կորչել է թե գումարը, թե ապրանքը, թե ապրանք վաճառողը: Մեր տեղեկություններով՝ դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, ձերբակալված է նաեւ նրա ազատության մեջ գործող հանցակիցը: