Երեւանի Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 դպրոցի 5-րդ դասարաններից մեկը, որը կանգնած էր լուծարման վտանգի առջեւ, մինչեւ ուսումնական տարվա վերջ չի լուծարվի: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց թիվ 132 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտների ծնողներից Լուիզա Կարապետյանը:

«Երեկ մեզ տեղեկացրին, որ քաղաքապետարանը ֆինանսավորելու է, եւ մինչեւ տարեվերջ դասարանը պահելու են: Ուրախ ենք, որ դասարանը չի լուծարվում, որովհետեւ երեխաները շատ ծանր էին տանում այլ դասարաններ տեղափոխվելու փաստը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ հաջորդ տարվանից էլ եթե դասարանը փակվի, ծնողների մեծամասնությունը իրենց երեխաներին պատրաստվում են տեղափոխել այլ դպրոցներ:

Նշենք, որ դպրոցի տնօրենը ծնողներին ասել էր, որ դասարանը փակելու պատճառն այն է, որ դասարանում առնվազն 25 աշակերտ պետք է լինի, իսկ այդ դասարանում 21 աշակերտ է սովորում, այսինքն՝ աշակերտների թիվը չի համապատասխանում պետական նորմատիվներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 դպրոցի 5-րդ դասարաններից մեկը կանգնած է լուծարման վտանգի առջեւ: Ծնողները նամակով դիմել էին Կրթության եւ գիտության նախարարություն եւ քաղաքապետարան՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու տարվա կեսին առաջացավ այդ խնդիրը։