Այս տարի պատերազմ կլինի՞ Լեռնային Ղարաբաղում: Ամեն տարի՝ սկսած 1994թ. հրադադարի պայմանագրի ստորագրումից, պատասխանն է «ո´չ», գրում է Հանուն միջազգային խաղաղության Կառնեգիի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը:

Ըստ նրա, հայերը եւ ադրբեջանցիները փոխանակվում են սպառնալիքներով եւ կրակոցներով շփման գծի երկայնքով, սակայն կողմերը ցանկություն չեն դրսեւորել, որպեսզի իրավիճակը ավելի խորանա:

«Այս տարի ահազանգերը դարձել են ավելի տագնապալից:  Մյունխենյան կոնֆերանսի ժամանակ ԵԱՀԿ-ն 2 շաբաթվա ընթացքում հանդես է եկել վերջին 3-րդ հայտարարությամբ: Հունվարը սովորաբար հանգիստ ամիս է լինում շփման գծում, սակայն այս տարի սպանվել է 12 եւ վիրավորվել է 18 մարդ»,-գրել է դե Վաալը:

Վերլուծաբանը գտնում է, որ պատերազմից խուսափելու հիմնական հակափաստարկը հնարավոր հսկայական վնասն է, որ կողմերը կարող են կրել պատերազմի սկսվելու դեպքում: Դե Վաալը հիշեցնում է, որ Ադրբեջանը պարտված պետություն է եւ նա ավելի շատ դրդապատճառներ ունի պատերազմ սկսելու համար, սակայն գործողությունները կարող են տապալվել՝ հաշվի առնելով լեռնային տեղանքը եւ հայկական պաշտպանական ուժերը: Նման ձախողման հետեւանքով ոչ միայն կարող են զոհվել հազարավոր երիտասարդներ, այլ նաեւ կարող են սասանվել իշխող վերնախավի դիրքերը, որոնց ավելի ձեռնտու է սպառնալ, քան գործել իրականում, ընդգծել է փորձագետը:

Սակայն նա նաեւ նշում է, որ շփման գծում արկա սխալ հաշվարկների պատճառով մեծանում է պատերազմի սկսվելու վտանգը: Նա նաեւ անդրադարձել է հայկական ուղղաթիռի կործանմանը՝ նշելով, որ այն չի հարձակվել ադրբեջանական դիրքերի վրա, սակայն, հավանաբար, խախտել է թռիչքների համար արգելված 5 կիլոմետրանոց պայմանական տարածքը՝ հավելելով, որ միջադեպեր գրանցվում են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին:

«Եթե հակամարտությունն, ամեն դեպքում, ինչ-որ ժամանակ թեժանա, դա լայնամասշտաբ պատերազմ կլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ»,-վստահություն է հայտնել վերլուծաբանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր ավելի ուժեղ է, քան 10 տարի առաջ, բայց Հայաստանը եւս պարբերաբար Բաքվին, աշխարհին ու սեփական ժողովրդին ցուցադրում է, որ իրենք ավելի ուժեղ են ռազմական առումով «եւ կարող են իրենք գործողություն նախաձեռներ»:

«Այս ամենը Ղարաբաղի շուրջ իրավիճակը ավելի սպառնալից է դարձնում, նույնիսկ առանց հիշեցնելու ուկրաինական իրադարձությունների արձագանքի եւ մռայլ աշխարհաքաղաքական կոնտեքստի մասին: Պետք է շտապ ուշադրություն դարձնել խնդրին, որպեսզի լարվածությունը թուլանա մինչեւ գարուն եւ թեժ ու պոտենցիալ վտանգավոր ամառ»,-ամփոփել է հեղինակը: