Հանրապետական կուսակցության խորհուրդը միաձայն պաշտպանել է նախագահ Սերժ Սարգսյանի եւ Գործադիր մարմնի մոտեցումները Գագիկ Ծառուկյանի մասով։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝  մեկնաբանելով ՀՀԿ խորհրդի նիստում Ծառուկյանին քննադատող՝ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը։

«Հանրապետական կուսակցության խորհուրդը քննարկում էր ներկա պահին ստեղծված քաղաքական վիճակը եւ անելիքները։ Քաղաքական վիճակի առանձնահատկությունը կապված էր նրա հետ, որ վերջին խորհրդաժողովում քաղաքական ընդդիմության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը թույլ էր տվել որոշ արտահայտություններ, որոնք, փաստորեն, կարող էին կազմալուծել քաղաքական կյանքը։ Իշխանություններին անվանելով թուլամորթ եւ հրապարակային միջոցառումներ սկսելու կոչ անելով՝ նա քաղաքական կյանքը պարալիզացնելու վտանգավոր փորձ արեց»,- նշել է Խոսրով Հարությունյանը՝ նկատելով, որ Ծառուկյանի հայտարարությունները առնչվում են նաեւ ազգային անվտանգության հետ։

«ՀՀԿ խորհրդի նիստում բաց տեքստով իրերն իրենց անունով են անվանել, հանրությանը ցույց տվել, թե ով ով է։ Թեպետ նախագահի բնորոշումները կոշտ էին, բայց հավատացնում եմ՝ դա ասում էր սրտի ցավով»,- նշել է պատգամավորը։ Վերջինս կարծում է, թե տարիներ շարունակ միգուցե անտեղի հանդուրժողականության շնորհիվ ձեւավորվել է ներկայիս քաղաքական իրավիճակը։

Ըստ Հարությունյանի, Գագիկ Ծառուկյանը որպես ԱԱԽ անդամ ուղղակի պատասխանատու էր ձեւավորված վիճակի համար, ուներ պատասխանատվություն հանրության առջեւ։

«Խորհրդի նիստում հստակ ասվեց, որ այս մոտեցումները կոնկրետ անձի դեմ չեն, այլ ստեղծված իրավիճակի։ Ժամանակն է, որ բոլորս գիտակցենք, որ քաղաքականությունը ընդունակություններ պահանջող բան է։ Մտահոգության հիմնական առարկան քաղաքական պրոցեսին որակ հաղորդելն է»,- նշել է Հարությունյանը։

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։