Անթույլատրելի է քաղաքականությունը վերածել շուկայի, շատ վտանգավոր է, որ քաղաքականությամբ զբաղվում են գործիչներ, որոնք չափն անցել են: Այս մասին այսօր` փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քննադատող Սերժ Սարգսյանի ելույթին:

«Չափն անցած մարդիկ հայտնվում են տվայտանքների մեջ: Տգիտությունը, կիսագրագիտությունը, բիլակներով հարց լուծելը տեղ չունեն քաղաքականության մեջ: Սա պետություն է, որտեղ ամեն ինչ պետք է լինի հարգանքի մեջ: Բազում անգամներ ՀՀԿ-ականները հնչեցրել են բացառապես քաղաքական գնահատականներ, որոնց պատասխանել են անձնական վիրավորանքներով: Եկել է ժամանակը, երբ որ իրերը պետք է կոչենք իրենց անուններով»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերջին ելույթում հնչեցրած այն մտքին, թե գնդակն այժն իշխանության դաշտում է, Շարմազանովն ասաց. «Իշխանությունը հիմա գնդակը տշել է, թող վազելով հասնեն այդ գնդակին»:

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։