Գագիկ Ծառուկյանը քաղաքական երեւույթ չէ, այլ քաղաքական հիվանդություն: Այս մասին այսօր` փետրվարի 12-ին, լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը` անդրադառնալով ՀՀԿ Խորհրդի նիստին Սերժ Սարգսյանի հնչեցրած` ԲՀԿ առաջնորդի քննադատությանը:

«Գագիկ Ծառուկյանը քաղաքականության հետ որեւէ կապ չուներ: Տգիտության հետ երկար տարիներ գործ ենք ունեցել, դրանում մենք էլ ենք մեղավոր: Երկար ժամանակ մեզ արգելվել է խիստ գնահատականներ հնչեցնել,  այո, հենց Դոդի Գագո: Գագիկ Ծառուկյանը քաղաքական հիվանդություն է, որից պետք է օր առաջ ազատվենք եւ այլեւս թույլ չտանք նման հիվանդություն»,- ասաց Կարեն Ավագյանը:

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։