«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` փետրվարի 13-ին, չներկայացավ մամուլի ասուլիսի, քանի որ «քննարկումների մեջ» է` կապված ՀՀԿ Խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած` ԲՀԿ առաջնորդի քննադատությանը: Այս մասին հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ երեկվանից հետո ներքաղաքական գործընթացում փոփոխություններ են տեղի ունեցել եւ «Ժառանգությունն» այժմ քննարկում է տարբեր կողմերի հետ այս հարցը:
Լրագրողների դիտարկմանը, թե սա նշանակում է, որ կուսակցությունը եռյակից դուրս է գալիս, Արմեն Մարտիրոսյանը չպատասխանեց:
«Կարող է իշխանափոխություն լինի, կամ մենք նմանվենք Հյուսիսային Կորեային»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։





























