ԱՄՆ Սենատը Էշթոն Քարթերին հաստատել է երկրի նոր պաշտպանության նախարարի պաշտոնում: Այս որոշմանը կողմ են քվեարկել 100 սենատորներից 98-ը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է Սենատի որոշումը՝ վստահություն հայտնելով, որ Քարթերը առանցքային դեր կխաղա կոնգրեսի հետ աշխատանքներում՝ պաշտպանության ոլորտի ծախսերին ավելի պատասխանատու մոտեցումներ որոնելիս:

Պենտագոնում հաղորդել են, որ Քարթերի երդմնակալության արարողությունը կկայանա մոտ օրերս: Մինչ այդ պաշտոնը կզբաղեցնի Քարթերին նախորդող Չակ Հեյգելը, ով հեռանում է աշխատանքից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»-ն:

Քարտերը Պենտագոնում է անցկացրել իր աշխատանքային կյանքի մեծ մասը եւ 2011-2013թթ. եղել է պաշտպանության նախարարի տեղակալ, ինչից հետո աշխատել է «Հանուն ամերիկյան զարգացման կենտրոն» կազմակերպությունում: Հատկանշական է, որ Քարթերը երբեք չի ծառայել զինված ուժերում եւ Պենտագոն է եկել որպես քաղաքացիական վերլուծաբան: Նա հայտնի է իր խորը տեխնիկական գիտելիքներով զինտեխնիկայի մասին՝ մասնավորապես միջուկային զենքերի վերաբերյալ: