Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ փետրվարի 13-ին, գիշերը, Կիեւից վերադարձել է Երեւան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, թե Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի երեկվա հայտնի ելույթից հետո շտապ Կիեւից վերադարձել է Երեւան, Սողոմոնյանն արձագանքել է. «Իրոք, Ռոբերտ Քոչարյանը երեկ ուշ երեկոյան Հայաստան է վերադարձել Կիեւ-Երեւան չվերթով: Սակայն որեւէ հրատապություն կամ շտապողականություն չի եղել: Երկրորդ նախագահը գտնվում էր Եվրոպայում, որտեղից ժամանել էր Կիեւ՝ տրանզիտով, ընդամենը մեկ ժամ անցկացրել տեղի օդանավակայանում, այնուհետ՝ մեկնել Երեւան: Եվ այդ ամենը՝ դեռեւս երկու շաբաթ առաջ գնված տոմսի ժամանակացույցին համապատասխան»,- նշել է Սողոմոնյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը Երեւան որեւէ կերպ պայմանավորված չէ երեկվա քաղաքական իրադարձություններով»:

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստին հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։  Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ ԱԺ-ում գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։