Շնող գյուղի տներից մեկում փետրվարի 12-ին հայտնաբերված տղամարդը ինքն էր վնասել իրեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը:
Նա նշեց, որ տղամարդը հոգեկան շեղումներ ուներ, ամուսնացած չէ, ապրում էր միայնակ: «Ինքն է իրեն վնասել, տունն էլ փորձել է հրդեհել, հարեւանները նկատել են, հանգցրել»,-ասաց գյուղապետը: Նա ասաց, որ տղամարդը չէր աշխատում, մայր ու քույր ունի: Հովիկ Սահակյանի փոխանցմամբ՝ մահացողը ժամանակին շատ խելացի, հավասարակշիռ մարդ էր, բարձրագույն կրթությամբ, լավ շախմատ էր խաղում: Իսկ թե ինչու նրան հոգեբուժարան չէին տեղափոխել, գյուղապետն ասաց, որ այնտեղ եւս խնդիրներ էր առաջացել, դժվարությամբ էին ընդունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շնող գյուղի տներից մեկում փետրվարի 12-ին տղամարդու դի է հայտնաբերվել:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դիակի վրա եղել են այրվածքներ ու որովայնի հատվածում դանակի հետք: Նա միայնակ էր ապրում, մի քանի օր նրան հարեւաննները չեն տեսել, որից հետո ահազանգել են պատկան մարմիններին ու տանը նրան հայտնաբերել մահացած: Տղամարդը 54 տարեկան էր, նախնական տեղեկություններով՝ այդ վնասվածքն իրեն հասցրել է օրեր առաջ, դեռեւս հունվարի 29-ին, բայց մահը վրա է հասել ավելի ուշ:
Մահվան իրական պատճառը կպարզվի նախաքննության ավարտից հետո: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:





























