Եթե խոսքը գնում է անհարգելի բացակայությունների մասին, ապա  ՀՀ ԱԺ Կանոնակարգի շրջանակներում կքննարկվի եւ որոշում կկայացվի բոլոր այն պատգամավորների կապակցությամբ,  որոնք բաց են թողել խորհրդարանի նիստերի մեծ մասը։ Այս մասին փետրվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելուն, ինչպես նաեւ պատասխանելով այն հարցին, թե դա կիրառվելու է միայն Ծառուկյանի հանդեպ՝ պատգամավորը ասել է, որ հարցը պետք է քննարկել ԱԺ Կանոնակարգի շրջանակներում։ «Բնականաբար Ազգային Ժողովի Կանոնակարգը միայն Գագիկ Ծառուկյանի  համար չէ գրված, այն վերաբերում է նաեւ մյուս պատգամավորիներին»,- նշել է Դավթյանը։ Նրա խոսքով՝ եթե ԱԺ Կանոնակարգով նախատեսված է Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու համար գաղտնի քվեարկություն անցկացնել, ուրեմն այդպես էլ կլինի։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ  Խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, որ «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը չարիք է դարձել երկրի համար»։ Նա նաեւ զրկել էր  Ծառուկյանին Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից եւ խոստացել էր, որ խորհրդարանի նիստերից Ծառուկյանի մշտական բացակայությունների հարցով գործընթաց կսկսվի։