Հուսահատ մարդու ճիչ էր: Այսպես բնութագրեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը:
Նա Գագիկ Ծառուկյանի ելույթից հասկացել է, որ ԲՀԿ առաջնորդը չի տիրապետում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին: «Ես հասկացա, որ նա սահմանադրական հայեցակարգին ծանոթ չէ, քանի որ այդ փոփոխություններից հետո նախագահի պաշտոնը զբաղեցնողը պետք է լինի անկուսակցական մարդ, եթե նա ԲՀԿ ղեկավարն եւ անկուսակցական, ուրեմն՝ ասելու բան չկա»,-ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է անդադար հանրահավաքներ, երթեր անելուն եւ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելուն՝ Հովհաննես Սահակյանն ասաց, որ ժողովրդավարական, իրավական պետությունում ցանկացած քաղաքացու պայքարի մեթոդ՝ հանրահավաք, երթ ընդունելի է, եթե այն բացառապես օրենքի շրջանակներում է: «Անկեղծ հետաքրքիր է իսկական ընդդիմադիրի կեցվածքով վերջապես տեսնել այդ քաղաքական ուժին, այդ ուժի ղեկավարին, թե չէ այսպես կիսաընդդիմադիր, կիսաիշխանական վիճակներ են»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նա նորից շեշտեց. որ իրենք եւ հանգիստ են, եւ վստահ, քանի որ վերջապես հստակեցվում է քաղաքական դաշտում բոլորի խաղի կանոները, եկել է բոլոր գրքերը իրենց դարակներում դասավորելու ժամանակը:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։




























